Դարձ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…

թողնել մեկնաբանություն: